Երևի կկարոտեմ քեզ կարոտելը

    Author: Զառա Թորգոմյան Genre: »
    Rating








    Կվազեմ տուն՝ հավաքվելու: Ինձ շատ երկար կարգի չեմ բերի, հոգնել եմ արդեն այդ անիմաստ ժամանակի կորստից: Արագ մազերս կկապեմ: Թեկուզ գզգզված մազերս, բայց քո սիրած երկարության: Արագ կբացեմ շորերիս պահարանը: Երկար ընտրություն չեմ անի, արագ կհագնեմ այն, ինչ աչքիս տակ կընկնի՝ թեկուզ ճմռթված, բայց իմ բույրով: Կվերցնեմ պայուսակներից ոչ թե ամենամոդայիկը, այլ ամենահարմարը՝ թեկուզ ոչ այնքան գեղեցիկ, բայց, այնուամենայնիվ, նրա կանթի վրա մնացած կլինեն քո մատնահետքերը: Մատիս մատանի կդնեմ՝ թեկուզ ոչ ամենաթանկարժեքը, բայց քո նվիրածը: Պարանոցս կբուրի քո սիրած բույրով՝ առանց թեկուզների:
    Դուրս կվազեմ: Աչքերովս կհետևեմ արագ սլացող մեքենաներին: Կնայեմ ոչ թե ամենաթանկ ու շքեղ մեքենաներին, այլ դրանց մեջ կփնտրեմ քոնը՝ թեկուզ փոշոտ: Անասելի գեղեցիկ տղամարդկանց մեջ կտեսնեմ միայն քեզ՝ ամենահարազատին: Հարյուրավոր հպումներից սրտիս միայն կհասնի քոնը՝ սիրելի ձեռքերինը: Հազարավոր հրապուրիչ հայացքների մեջից աչքերիս կհասնի միայն քոնը՝ ամենասիրվածը: 

    Թեկուզ երկար ժամանակով գնաս… զբաղված լինես…չհիշես...միևնույնն է՝ երազումս միայն քեզ կտեսնեմ, թեկուզ միայն այնտեղ կարողանամ խոսել հետդ ու գրկել քեզ:
     Երևի կկարոտեմ քեզ կարոտելը...

    Leave a Reply